logo
ՓԱԿԵԼMenu
Հասարակածի փառքը

Հասարակածի փառքը

Իր համաշխարհային փառքի համար սինգապուրյան Raffles Hotel հյուրանոցը պարտական է հայկական ծագումով չորս գործարարի՝ եղբայրներ Մարտին, Տիգրան, Ավետ եւ Արշակ Սարգիսներին, որոնք կարողացան ճշգրտորեն գուշակել եվրոպական հարուստ հասարակության՝ հասարակածային փարթամ ջունգլիներում իրենց համար սովորական հարմարավետությամբ մի կղզյակ ունենալու պահանջը:

Սինգապուրի հենց կենտրոնում՝ երկնաքերերի եւ ապակյա ու մետաղե արտառոց շինությունների մեջ, պահպանվել է ցածր ձյունաճերմակ շենքերից կազմված օազիսը: Դրանք փոխկապակցված են բարձր կամարակապ սրահներով եւ ներքին փոքր բակերի մի լաբիրինթոս են կազմում, որտեղ կարելի է պատսպարվել արմավենիների փրկարար ստվերում:
 

Դեպի պատմական հյուրանոց տանող գլխավոր մուտքը, ինչպես եւ նախկինում, Բիչ-ռոուդ փողոցի կողմից է: Ավտոմոբիլային աշխույժ ճանապարհը ժամանակին հանգիստ փողոց է եղել, որը ձգվում էր ծովափով: Ափը վաղուց արդեն տեղափոխել են մի քանի հարյուր մետր հեռու՝ դեպի ծովի խորքը. Սինգապուրը հողի համար անողոք պայքար է մղում ջրի հետ, եւ նոր, ծովից խլված տարածքների վրա արդեն հաջողվել է կառուցել նոր բուսաբանական այգի, թանգարաններ ու զբոսուղիներ:
 

Սակայն Raffles Hotel-ը դեռեւս կանգնած է իր տեղում եւ վաղուց արդեն պարզապես հյուրանոց չէ: XIX դ. վերջում այն հայտնի դարձավ ծառայությունների մատուցման իր գերազանց մակարդակով ու հյուրընկալությամբ, իսկ այսօր ընկալվում է նաեւ որպես Սինգապուրի գրեթե երկուհարյուրամյա պատմության կարեւորագույն վկաներից մեկը:
 

Այստեղ միահյուսված են անգլիական գաղութատիրության նախապաշարմունքների ու հայ գործարարների խելամտության մասին հիշողությունները, Եվրոպայից ժամանած առաջին մեծահարուստ զբոսաշրջիկների ձգտումը դեպի էկզոտիկ ճանապարհորդություններ եւ հատուկ մթնոլորտը, որի մեջ հաճույքով էին ընկղմվում անգլիացի գրողներն ու պոետները: Վերջապես, հենց հյուրանոցի «Լոնգ» բարում (Long Bar)՝ անցյալ ու նախանցյալ դարերի «էքսպատների» հանդիպման երբեմնի գլխավոր վայրում, բարմեն Նգիամ Թոնգ Բունն ստեղծել է «Սինգապուրյան սլինգ » (Singapore sling) կոկտեյլը, որը, ինչպես եւ հենց Raffles Hotel-ը, արդեն վաղուց դարձել է տեղական ազգային հարստություն:
 

Կոկտեյլը, որի բաղադրատոմսի բնօրինակը չի պահպանվել, պետք է որ փորձած լինի Սոմերսեթ Մոեմը, որը հաճախ ու երկար ժամանակով էր ապաստանում հյուրանոցում: Ժամանակին նա գրել է, որ Raffles-ն էկզոտիկ Արեւելքի մասին բոլոր հեքիաթների մարմնացումն է: Հյուրանոցը գրողի համար մեկուսի աշխատավայր էր, իսկ նրա խոսքերը հյուրանոցի համար առաջնակարգ գովազդ դարձան:
 

Սարգիս եղբայրները

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

Հայկական սփյուռքը Սինգապուրում հաստատվեց անմիջապես այն բանից հետո, երբ սըր Ստեմֆորդ Ռաֆֆլզը` Բրիտանական կայսրության հիմնադիր հայրերից մեկը, իր արշավախմբով ժամանեց կղզի եւ գաղութ հիմնեց: Դա տեղի ունեցավ 1819 թվականին, իսկ Սինգապուրում առաջին հայ գործարարների մասին հայտնի դարձավ 1820-ին. նրանց թվում էին նաեւ Սարգիս ընտանիքի ներկայացուցիչներ Արիստարկուսն ու Արատունը, որոնք ընդամենը մի քանի տարի անց դարձան Սինգապուրի առեւտրային ձեռնարկությունների մեծամասնության սեփականատերը:
 

Հայերն այստեղ էին ուղեւորվում Սպահանից ու Հնդկաստանից, որտեղ նույնպես նրանք հաջողակ առեւտրականներ էին, սակայն Սինգապուրն իր աներեւակայելիորեն բարենպաստ աշխարհագրական դիրքով (հարավարեւելյան Ասիայի բոլոր ճանապարհների խաչմերուկում էր) ավելի մեծ հաջողություն էր խոստանում նրանց: Տեղի սփյուռքը միշտ եղել է սակավաթիվ, սակայն շատ ունեւոր, եւ այդ պատճառով նկատելի հետք է թողել քաղաքային լանդշաֆտում:
 

Առայսօր քաղաք-պետության քարտեզի վրա կարելի է գտնել Հայկական փողոցը կամ Սարգիս փողոցը, ինչպես նաեւ շենքեր, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն գաղութատիրական շրջանի հայ ձեռներեցների անունների հետ: Քաղաքի հին մասում պահպանվել է Սինգապուրի առաջին քրիստոնեական տաճարը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, որն, ամենից զատ, նաեւ տեխնիկայի հրաշք էր. կառուցված լինելով 1835 թվականին՝ այն դարձավ քաղաքի առաջին էլեկտրաֆիկացված շինությունը:
 

Raffles Hotel-ը 1900-ական թվականներին

ԼԵԳԵՆԴԻ ԲԱՑՈՒՄԸ

Այն պահին, երբ Սարգիս եղբայրներն սկսեցին Սինգապուրը դիտարկել բիզնեսի հեռանկարների տեսանկյունից, նրանք արդեն մի քանի տարի շարունակ հաջողությամբ գործարկում էին Մալայզիայի Պինանգ կղզում գտնվող շքեղ մի հյուրանոց: 1887 թվականին Տիգրանը, որին ոչ այլ կերպ, քան «հեռատես ու վճռական մարդ» էին կոչում, բոլոր Սարգիս եղբայրների անունից բացում է Raffles ոչ մեծ հյուրանոցը:
 

Ահա թե ինչպես է այդ իրադարձության մասին գրում սինգապուրյան «Straits Times» օրաթերթն իր 1887թ. նոյեմբերի 19-ի համարում (ի դեպ, օրաթերթը հիմնվել էր մեկ այլ հայ գործարարի՝ Խաչիկ Մոզեսի կողմից). «Պարոնայք Սարգիս եղբայրները պատիվ ունեն ընկերներին ու հաճախորդներին հայտարարելու դեկտեմբերի 1-ին հյուրանոցի բացման մասին: Հյուրանոցի դիրքը քաղաքում լավագույններից է ու առողջության համար առավել նպաստավոր. ծովին հանդիման է եւ քաղաքային իշխանությունների շենքերից ու հրապարակից ընդամենը մի քանի րոպե քայլքի հեռավորության վրա է: Այստեղ ամեն ինչում առաջնորդվել են հյուրերի ու այցելուների հարմարավետության նկատմամբ մեծագույն հոգածությամբ եւ ուշադրությամբ, այնպես որ՝ հաճախորդներն այստեղ կգտնեն բոլոր հարմարություններն ու ընտանեկան հարմարավետություն»:
 

«Սինգապուրյան սլինգ » կոկտեյլը

ԽՐԱԽՃԱՆՔ ՈՒ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ

Raffles-ի բացումից գրեթե անմիջապես հետո, ի սկզբանե ընդամենը տասը սենյակ-բունգալոներից բաղկացած հյուրանոցն սկսեց արագորեն ընդլայնվել, իսկ կառավարման գործում ավելի ու ավելի ակտիվորեն ներգրավվեցին Տիգրանի կրտսեր եղբայրները: Արդեն մի քանի տարի անց նրանք բացեցին երկու նոր ընդարձակ մասնաշենք, որոնք բաղկացած էին պատշգամբներով ու դեպի ծով նայող 22 համարից, այնուհետեւ՝ այսպես կոչված «Արմավենիների բակը»՝ ծածկապատշգամբներ ունեցող եւս 30 սենյակներով: Հենց այս՝ առավել մեկուսի հատվածում սիրում էին աշխատել հյուրանոցում ապաստանած գրողները, այդ թվում նաեւ Մոեմը:
 

ХХ դարի սկզբում խոյացավ եւս մի երկհարկանի թեւ, որի առաջին հարկում գտնվող կամարակապ սրահներում տեղակայվեց Սինգապուրի առաջին առեւտրի կենտրոնը, իսկ երկրորդում համարներն էին: Raffles-ը ճանապարհորդների շրջանում մեծ պահանջարկ էր վայելում ոչ միայն այն պատճառով, որ այն ժամանակ հարավարեւելյան Ասիայում դյուրին չէր պատշաճ հյուրանոց գտնելը, այլ որովհետեւ Սարգիս եղբայրները գերազանց էին հասկանում շուկայի նրբությունները:
 

Նրանք հյուրանոցի արհեստավարժ կառավարիչներ չէին, սակայն առատաձեռն ու խելամիտ գործարարներ էին, որոնք, ի լրումն, նաեւ գիտեին շքեղության հարգը: Եղբայրները հյուրերին առաջարկեցին հարմարավետության ու սպասարկման բոլորովին նոր մոտեցում. հնարավոր հաճախորդների համար նախապես լիմուզիններ էին ուղարկում նավահանգիստ, նրանց առաջարկում զբոսանք քաղաքում եւ առհասարակ ցանկացած աջակցություն՝ իրենց համար նոր ու անծանոթ վայրում:
 

Անշուշտ, շատ բան կախված էր նաեւ համարներից: Raffles-ում դրանք ապահովված էին սեփական գեներատորի արտադրած էլեկտրաէներգիայով, այնպես որ՝ յուրաքանչյուր սենյակում կար լույս ու էլեկտրական հովհար՝ հազվագյուտ շքեղություն այն ժամանակների համար: Սենյակներում չկային ջրի ծորակներ, սակայն յուրաքանչյուր համարում հնարավոր էր լոգանք ընդունել, քանի որ ջուրն առաջին իսկ պահանջով մատուցում էին հյուրերին կցված ծառայողները:
 

Սակայն Raffles-ի հիմնական հաղթաթուղթն ու Տիգրանի ձեռնարկատիրական հոտառության լրացուցիչ ապացույցը դարձավ նրբաճաշակ խոհանոցը: Եղբայրներն ուտելիքին եւ հյուրերի սննդին ու զվարճանքին առնչվող ամեն բանի հատուկ կարեւորություն էին տալիս: Տիգրանի համար միանգամայն ակնհայտ էր, որ Եվրոպայից եկող ամեն ճամփորդ չէ, որ կդիմի տեղական խորտկարաններում ճաշելու ռիսկին, անգամ եթե հակված է գաստրոնոմիական փորձարկումների: Ոմանք առհասարակ չէին էլ շտապում էկզոտիկ խոհարարության հորձանուտն ընկնել՝ նախընտրելով փորձված եվրոպական ճաշատեսակներ համտեսել: Հատուկ հյուրանոցի հյուրերի համար Տիգրանը Սինգապուրի կենտրոնում բացում է Raffles Tiffin Room-ը, որտեղ հնարավոր էր բոլորովին անվճար երկրորդ նախաճաշ անել կամ ճաշել՝ առանց հյուրանոց վերադառնալու:
 

Հարավարեւելյան Ասիայի ամենագլխավոր հյուրանոցի կոչմանը Raffles-ը վերջնականորեն արժանանում է հինգ հարյուր հոգու համար նախատեսված ընթրելու սրահի բացումից հետո: Ռեստորանի ուտեստները պատրաստում էին երկու ֆրանսիացի շեֆ-խոհարար ու ասիական ճաշացանկի համար պատասխանատու մի խոհարար: «Seaports of the Far East» պարբերականի 1913 թ. մի հրապարակման մեջ կարդում ենք, որ հենց ռեստորանն է հյուրանոցին համաշխարհային փառք բերել. «Դրա վեհապանծ սյուները, կարարյան սպիտակ մարմարից հատակը, սեղանների նրբաճաշակ գեղարվեստական ձեւավորումն այնպիսի անսամբլ են ստեղծում, որի նման երկրորդը չկա Եվրոպայի ու Ամերիկայի սահմաններից դուրս»: Եվ իսկապես, բոհեմական մետաքսից կարված սփռոցներն ու արծաթյա սպասքը պակաս ուշադրություն չէին գրավում, քան ճաշացանկի բովանդակությունը (Տիգրանի անձնական հանձնարարականով Raffles-ում անգամ սեւ խավիար էին մատուցում):
 

Raffles Hotel-ի Հոբելյանական սրահը

ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ

Ընդհուպ մինչեւ 1920-ական թվականների վերջը Սարգիս եղբայրերի բիզնեսը վերելք էր ապրում: Սինգապուրյան Raffles-ն անընդհատ թարմացվում էր. այստեղ հայտնվեցին սեփական փոստն ու հացթաթխման արտադրամասը, բիլիարդի սրահն ու լիմուզինների վարձույթը, հսկայական պարահանդեսային սրահը, որտեղ ամենաաղմկոտ ամանորյա պարահանդեսներն ու երեկույթներն էին կազմակերպվում: Raffles-ը, ըստ ժամանակակիցների հուշագրությունների, վերածվել էր հասարակական հաստատության, Սինգապուրի աշխարհիկ ու գործարար կյանքի կենտրոնի, որը յուրաքանչյուր իրեն հարգող զբոսաշրջիկի ծրագրի պարտադիր բաղկացուցիչն էր:
 

Համաշխարհային պակաս հռչակ չէին վայելում նաեւ հենց իրենք՝ եղբայրները, որոնց հյուրանոցային կայսրությունը շարունակում էր ընդարձակվել: ХХ-րդ դարի սկզբին բացվեց Ռանգունի հյուրանոցը, հետո եւս մեկը՝ Մալայզիայում, ու մի նոր հյուրանոց՝ Սինգապուրում: 1923 թվականին «Seaports of the Far East»-ը գրեց, որ Արեւելքում պարոնայք Սարգիսներից ավելի հայտնի հյուրանոցային սեփականատերեր չկան, եւ որ նրանք «իրենց ոլորտի առաջատարներն են այն քաղաքներում, որտեղ այդքան ամուր հաստատվել են»:
 

Սակայն համաշխարհային ճանաչումն, այդուհանդերձ, ցնցումներից չփրկեց Սարգիսների կայսրությունը. դրա վերջը եկավ 1920-30-ական թվականների տնտեսական ճգնաժամի հետ: Այդ ժամանակահատվածում բոլոր հյուրանոցների կառավարումն անցել էր ամենակրտսեր եղբորը՝ Արշակին (Մարտինն ու Տիգրանը մահացել էին 1912 թվականին, Ավետը՝ 1923-ին):
 

Արշակն ավելի շատ աշխարհիկ ջենթլմեն էր, որը սիրում էր թանկարժեք զվարճանքներ, քան գործարար, որը գիտեր, թե ինչպես դուրս գալ դժվարին իրավիճակից: Դեր ունեցավ նաեւ եղբայրների երբեմնի առատաձեռնությունը. նրանք հաճախ իրենց հյուրանոցի ամենաթանկ հյուրերին թույլ էին տալիս պարտքով ապրել հյուրանոցում: Ժամանակին տրված «վստահության վարկերը», որոնք հստակ տնտեսական բնույթ ունեին, շատ հաճախ մնում էին չվճարված, եւ երբ տնտեսական ճգնաժամի ալիքը հասավ Ասիա, Սարգիսների կայսրության ֆինանսական վիճակը պայթեց:
 

Արշակի մահից հետո՝ 1931 թվականին, Raffles-ը սնանկ հայտարարվեց, եւ եղբայրների՝ հարավարեւելյան Ասիայում ունեցած բոլոր հյուրանոցները դարձան կառավարող ընկերության սեփականությունը: Սարգիսների դարաշրջանն ավարտվեց, բայց նրանց գլխավոր ձեռքբերումը՝ Raffles Hotel-ը, իր ստեղծողներից շատ տասնամյակներ ավելի ապրեց եւ առայսօր կարող է հպարտանալ սպասարկման գերազանց մակարդակով ու հանրաճանաչ հյուրերով:
 

Միայն թե հիմա նրանք դժվար կարողանան առանց վճարելու հեռանալ: