logo
ՓԱԿԵԼMenu
Հայաստանը խորհրդանշող 10 պատկեր

Հայաստանը խորհրդանշող 10 պատկեր

Ինչպե՞ս ճանաչել հայկական խաչքարը, ի՞նչ են խորհրդանշում հայկական դրոշի կարմիր-կապույտ-ծիրանագույնը, ինչո՞ւ են հայերը նուռ սիրում եւ ո՞վ կարող է կարդալ խազերը։ Ահա, Հայաստանին հատուկ պատկերների մի շարք.

1. Հավերժության նշան

Հայկական հավերժության նշանը հայ մշակույթի ամենանշանակալի տարրերից է։ Եկեղեցական հնագույն զարդանախշերից մինչեւ մեր օրերը հարատեւած այս նշանը հաճախ կարելի է տեսնել ժամանակակից խորհրդանշանների եւ տարբեր ընկերությունների լոգոների վրա։ Այն համարվում է նաեւ արեւի նշան։

 

2. Այբուբեն

Հայաստանի խորհրդանիշների շարքում այն, թերեւս, ամենաառանձնահատուկն է, հայության ինքնության ձեւավորման գործում մեծագույն դերակատարում ունեցածը։ Ըստ ավանդության՝ հայոց այբուբենի 36 տառը որպես Աստծո պարգեւ է շնորհվել Մեսրոպ Մաշտոցին։ Հայկական այբուբենը շարունակաբար եւ գրեթե անփոփոխ գործածվում է մ.թ. 5-րդ դարից ի վեր։

 

3. Խազեր

Երբ մարդիկ մտածում են երաժշտությունը պատկերող նշանների մասին, հիշում են հնգագիծը, բանալիներն ու նոտաները։ Հայերը, սակայն, ունեին նոտագրության իրենց սեփական համակարգը, որն անվանում էին «խազեր»։ Դարերի ընթացքում այն այնքան բարդացավ, որ մարդիկ մոռացան, թե ինչպես է պետք կարդալ դրանք։ Այնուամենայնիվ, հետագա դարերում համակարգը պարզեցվեց, վերստին կյանքի կոչվեց եւ մինչ օրս ուսուցանվում է Հայաստանում՝ իբրեւ նոտագրության ազգային տեսակ։

 

4. Խաչքար

Հրաբխային տուֆին փորագրված հայկական խաչքարերը զարդարվեստի բացառիկ օրինակներ են։ Պատմականորեն խաչքարը տեղադրվում էր իբրեւ շիրմաքար, սակայն հաճախ հանդես էր գալիս նաեւ իբրեւ դեկորատիվ տարր կրոնական եւ մշակութային կառույցների համար։

 

5. Վեցթեվյան աստղ

Հուդայականության հետ կապվող վեցթեւյան աստղը հաճախ է հանդիպում փորագրված հայկական հին խաչքարերին եւ եկեղեցիների պատերին։ Երբեմն այն ուղեկցվում է կենտրոնում տեղակայված հավերժության նշանով։

 

6. Դրոշ

Հայաստանի դրոշը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել իր գոյության ընթացքում։ Կարծիք կա, որ Հայաստանի Հանրապետության դրոշի հեղինակը մխիթարյան հայր Ղեւոնդ Ալիշանն է, ով դրա նախնական տարբերակը ստեղծել է դեռեւս XIX դարում։ Ներկայիս դրոշն ուղղակիորեն կրկնում է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) եռագույնը՝ կարմիր-կապույտ-ծիրանագույնը: 

Կարմիրը խորհրդանշում է հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի դարավոր գոյամարտը, քրիստոնյա հավատքը, Հայաստանի ազատությունն ու անկախությունը։ Կապույտը նշանավորում է հայ ժողովրդի՝ խաղաղ երկնքի տակ ապրելու ցանկությունը, իսկ ծիրանագույնը՝ Հայաստանի ժողովրդի ստեղծագործ ոգին եւ աշխատասեր էությունը։

7. Գորգեր

Հայկական գորգերին հաճելի է նայելը. գեղեցիկ են, հագեցած գունազարդ նախշերով ու խորհրդավոր նշաններով: Ժողովրդական արվեստի ավանդական այս ձեւը հանդիպում է ամբողջ հայկական լեռնաշխարհում, եւ չնայած ոճական միասնությանը՝ տարբերվում է ըստ ծագման վայրերի։ Այժմ հատկապես հայտնի են արցախյան գորգերը։

 

8. Արարատ

Հայկական մշակույթի ամենաճանաչելի խորհրդանիշը երկգագաթ Արարատ լեռան պատկերն է: Այն ամենուր է՝ ազգային ու պետական խորհրդանիշներից մինչեւ ֆուտբոլի հավաքականի շապիկները։ Արարատի շուրջ է միավորված հայությունը, իսկ ըստ Աստվածաշնչի՝ Արարատի գագաթին է հանգրվանել Նոյի տապանը։

 

9. Նուռ

Այն պտղաբերության, լիության ու բախտավորության խորհուրդ ունի, միեւնույն ժամանակ շատ համեղ է։ Նուռն առկա է հայկական մշակույթում՝ արվեստից մինչեւ զարդեր ու հուշանվերներ։ Այսպես, օրինակ, աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը աշուղ Սայաթ-Նովայի մասին իր ֆիլմն անվանել էր «Նռան գույնը»։

 

 

10. Զինանշան

Զինանշանին պատկերված առյուծն ու արծիվը հազարավոր տարիներ եղել են հայկական արքայատոհմերի խորհրդանիշները: Նրանք միասին պահում են վահան, որը ներկայացնում է չորս գլխավոր արքայատոհմերին, իսկ կենտրոնում Արարատն է։ Զինանշանի վրա առկա է նաեւ հինգ տարր՝ սուր, կոտրված շղթա, հասկերի խուրձ, ժապավեն եւ փետուրներ։ Դրանք ներկայացնում են արիությունը, հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության եւ անկախության, հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդը եւ խաղաղասեր ոգին։