logo
ՓԱԿԵԼMenu
Առերեսում պատմական ճշմարտության հետ

Առերեսում պատմական ճշմարտության հետ

Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ինձ նման մեկը, ով իրեն տեսնում է որպես Թուրքիայի 20-րդ դարի պատմության մասնագետ, պետք է արտահայտվի:

Առաջին հերթին սրա համար առկա են թե՛ բարոյական, թե՛ էթիկական պատճառներ: Օսմանյան կայսրության ուշ շրջանի և 20-րդ դարի Թուրքիայի պատմաբանները հատուկ պատասխանատվություն ունեն: Մենք չենք կարող թույլ տալ, որ իրավիճակը շարունակի մնալ այնպիսին, ինչպիսին այն եղել է 1970-1980-ականներին, երբ ես ուսանող էի ու համալսարանում՝ երիտասարդ ուսուցիչ, երբ  չնայած այն փաստին, որ մեր մասնագիտական դաշտից դուրս ցեղասպանությունն արդեն 50 տարի պատմական հետազոտությունների առարկա էր, մենք հազիվ թե տեղյակ էինք՝ ինչ է տեղի ունեցել 1915-ին: Մեր դասագրքերն այն միայն նշում էին էջատակի ծանոթագրության տեսքով, եթե ընդհանրապես նշում էին, ու երբեք որպես «ցեղասպանություն» չէին բնորոշում: Մեր ուսուցիչները դա երբեք չէին քննարկում:

Այնուամենայնիվ, սա ոչ միայն բարոյական խնդիր է: Թուրքիայի պատմության մասնագետները նույնպես յուրահատուկ մի բան ունեն առաջարկելու: Հիմա, երբ ցեղասպանության ուրվագծերն ու շատ մանրամասներ այդքան լավ են սահմանվել պատմական հետազոտության արդյունքում՝ հիմնվելով բնօրինակ փաստաթղթերի ու ականատեսների վկայությունների վրա, կարծում եմ՝ կա երկու ոլորտ, որտեղ Թուրքիայի պատմության մասնագետները կարող են էական ներդրում ունենալ խնդրո առարկան ավելի լավ հասկանալու համար՝ հիմնվելով թուրքական աղբյուրների վրա:

Առաջինը՝ պատճառներն ու շարժառիթներն են: Ժամանակաշրջանի այս պահին մենք հանգեցինք այն ճանաչմանը, որ թե՛ երկարաժամկետ զարգացումները (սոցիալական դարվինիզմի մեծ ժողովրդականությունը, միլիտարիզմը, բարեփոխումների ու տարածքային վեճերի խնդիրները, մահմեդական փախստականների զանգվածային արտագաղթը), թե՛ կարճաժամկետները (Օսմանյան պարտությունը Բալկանյան պատերազմում, Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը, Սարիղամիշում Օսմանյան պարտությունը, բրիտանացիների վայրէջքը Գալիպոլիում և Վանի ապստամբությունը) դեր ունեցան:

Պատճառներ ու շարժառիթներ փնտրելը կարևոր է, որովհետև այն օգնում է մեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Այն չի ազդում ցեղասպանության հարցի վրա: Ցեղասպանության սահմանման համար կարևորը մտադրությունն է, մտադրությունը՝ ոչնչացնել էթնիկ կամ կրոնական մի խումբ՝ ամբողջովին կամ մասամբ: Այս մտադրության հիմքում ընկած շարժառիթը համապատասխան չէ, ահա թե ինչու այն ժխտողական փաստարկը, թե 1915-ին տեղի ունեցածը չի կարող ցեղասպանություն համարվել, որովհետև հայերն սպառնալիք էին ներկայացնում, անհեթեթություն է, նույնիսկ եթե այդ հակառակվելը հիմնավորված փաստ է:

Մյուս խնդիրըն այն ճանապարհն է, որի միջոցով ժամանակակից Թուրքիան, որն ի հայտ եկավ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, ձևավորվեց Հայոց ցեղասպանության հետեւանքով: Ես դիտարկեցի անձնական ու գաղափարական շարունակականությունները «Միություն և առաջադիմություն» կուսակցության ու Քեմալական հանրապետության միջև, որոնք ահռելի են: Բայց ներկայումս ուշադրություն պահանջող խնդիրները (և ավելի հաճախ արդեն այդ ուշադրությունն ստացող, նաև՝ Թուրքիայում) հայկական ունեցվածքի փոխանցումն է (կամ գողությունը) և օսմանյան հայերի կրոնափոխումը: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մեծ թվով հայերի՝ դեպի իսլամ կրոնափոխումը նշանակում է, որ շատ թուրքեր այսօր ունեն հայկական արմատներ: Այս արմատների վերագտնումը վերջին տարիներին առաջադեմ թուրքերի շրջանում շատ տարածված է դարձել: Այլ կերպ ասած՝ Թուրքիայի Հանրապետությունը ոչ միայն կրում է այն ժառանգությունը, որ հիմնադրվել ու զգալի չափով ղեկավարվել է ցեղասպանության գործում մասնակցություն ունեցած մարդկանց կողմից, այն նաև կրում է հենց իրենց՝ հայերի նյութական ու անձնական ժառանգությունը:

Ուրախ եմ հայտնելու, որ ոչ միայն թուրքագիտության աշխարհում առհասարակ, այլև Թուրքիայում թուրք պատմաբանների շրջանում, այն մարդկանց թիվը, ովքեր իսկապես շահագրգռված են ճշմարտությունը վերագտնելու և այն բացեիբաց քննարկելու, անընդհատ աճում է: Թե՛ Բիգլի համալսարանում 2005-ին կայացած նորարարական կոնֆերանսը, թե՛ 2007-ին Հրանտ Դինքի սպանությունից հետո տեղի ունեցած ցույցերը կարևոր հենակետեր դարձան:

Այս առաջընթացը մի հուսադրող նշան է, որ թուրքերի ու հայերի միջև հաշտեցումը հնարավոր է: Այս հաշտեցումը չի կարող կառուցվել մերժողականության վրա, ակնհայտ է, որ այն նաև չի կարող փոխզիջման ճանապարհով կառուցվել: Փոխզիջումը քաղաքական գործչի գործիքներից է և ծառայում է առկա խնդիրները լուծելու համար, սակայն ոչ մի առնչություն չունի պատմական ճշմարտությունը հետաքննելու հետ: Մարդիկ չեն կարող թեթևակի սպանված լինել: Հաշտեցումը չի կարող կառուցվել նաև այն հասկացության վրա, որը ներկայիս թուրքական կառավարությունն է լայնորեն տարածում, թե  բոլոր նրանց հիշատակը, ովքեր տառապել են Առաջին համաշխարհային պատերազմի սարսափելի տարիներին Թուրքիայում, պետք է միասին ոգեկոչվի:  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավելի շատ գերմանացիներ, քան հրեաներ մահացան (չնայած գերմանացիներից ոմանք հրեա էին, իսկ հրեաներից ոմանք էլ՝ գերմանացի), սակայն կանցլեր Անգելա Մերկելը նույնիսկ չի երազի պնդել, թե այս երկու խմբերը պետք է հավասարապես հիշատակվեն՝ որպես իրենց ժամանակի ու հանգամանքների զոհ:  

Պատմական ճշմարտության ընդունումը ժամանակ կպահանջի, չնայած այն ակտիվորեն քննարկող թուրք պատմաբանների շրջանակը  մեծանում է: Թուրքերի երիտասարդ սերունդները (ինչը նշանակում է՝ նրանց ճնշող մեծամասնությունը, քանի որ սա երիտասարդ երկիր է), ովքեր ազգայնական պետական հռետորաբանության են ենթարկվել դպրոցում, զինվորական ծառայության ընթացքում ու մամուլի միջոցով, իսկապես համոզված են, որ ցեղասպանության պատմությունը սուտ է: Ի տարբերություն հանրապետության առաջին սերնդի, նրանք այլևս գիտակցաբար չեն հերքում այն միակ ճշմարտությունը, որը շատ լավ գիտեն: Սա հսկայական է դարձնում թուրք հանրությանը վերակրթելու ու քննարկումներ ծավալելու խնդիրը: Սակայն դուռը բացվել է ու չի կարող փակվել: Քուրդ մտավորականների շրջանում նույնպես մենք տեսնում ենք հիմնովին նոր պատրաստակամություն՝ բաց մտքով քննարկելու 1915թ. իրադարձությունները: Թուրքիայում և դրա սահմաններից դուրս առավել լայն գիտակցումը, որ ցեղասպանությունն անձնական հանցագործություն է, այլ կերպ ասած՝ ցեղասպանություն իրականացնելու մեջ կարող են մեղադրվել ու դատապարտվել անձինք, այլ ոչ թե ազգեր ու պետություններ, կարող է նույնպես դյուրացնել քննարկումների ընթացքը: Ներկայիս թուրքական պետությունը և հասարակությունը կարող են արդարացիորեն մեղադրվել ցեղասպանությունը մերժելու մեջ, սակայն ոչ՝ հանցագործությունը կատարելու: Այն իրականացրած ոճրագործները վաղուց մահացած են:

Ճանաչումը կարևոր է ոչ միայն հայերի համար, այլև հենց Թուրքիայի համար: Ինչպես Թաներ Աքչամը շատ վաղուց պնդել է, ցեղասպանության հետ պետք է առերեսվել, եթե Թուրքիան ցանկանում է վերաճել դեպի ավելի հանգիստ, ավելի ժողովրդավար, ավելի մարդասեր հասարակություն: Այն կարող է հանդես գալ որպես կատալիզատոր ու հեռացնել նեղ ու աճող կրոնականությամբ վարակված ազգայնականության վերմակը, որով ծածկված է այս հասարակությունը: Այնպես որ, եկեք հուսանք, որ հարյուրամյակը նոր էջի բացում է պատմական ճշմարտության հետ առերեսման դրվագում, ինչը բխում է թե՛ թուրքերի, թե՛ հայերի շահերից:

Էրիկ-Յան Ցյուրխեր

Էրիկ-Յան Ցյուրխերը թուրքագիտության պրոֆեսոր է Լեյդենի համալսարանում և թուրքագիտության պրոֆեսոր Ստոկհոլմի համալսարանում: