logo
ՓԱԿԵԼMenu
Համաշխարհային ֆաշիզմը եվ Հայոց ցեղասպանութունը. անտեսված զուգահեռներ

Համաշխարհային ֆաշիզմը եվ Հայոց ցեղասպանութունը. անտեսված զուգահեռներ

Մինչ այժմ հետազոտողները սահմանափակ հետաքրքրություն են ցուցաբերել Հայոց ցեղասպանությունը համաշխարհային գաղափարական շարժումների դիտանկյունից վերլուծելու հարցում։ Արդյունքում՝ ամբողջատիրության եւ,մասնավորապես, ֆաշիզմի առումով Թուրքիայի պատմական փորձը տեւական ժամանակ մնացել է անտեսված։ Ընդունված էր համարել, որ Թուրքիան չի ունեցել այն հենքը, որը կվերաճեր ֆաշիզմի։ Մյուս կողմից՝ ֆաշիզմն ինքնին համարվել է բացառապես եվրոպական երեւույթ, որը կիրառելի չէ արտաեվրոպական համատեքստերում։ Նորօրյա գրականությունը, սակայն, Եվրոպայից դուրս ֆաշիզմի ուսումնասիրության այլընտրանքային ձեւաչափ է առաջարկում՝ անվանելով այն «համաշխարհային ֆաշիզմ», ինչը նոր դիտանկյուն է ներմուծում Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ասպարեզ։

Որպես մտակաղապար՝ ֆաշիզմը ձեւավորվել է Եվրոպայում 19-րդ դարի վերջերին՝ մտավոր հեղափոխությանը եւ քաղաքականության մեջ լայն զանգվածների ընդգրկվելուն զուգահեռ։ Այս ձեւակերպումը տարբերվում է ֆաշիզմի ծագումը միջպատերազմական ժամանակահատվածում տեսնող մոտեցումից։ Թեպետեւ այս պնդումը վերաբերում է Եվրոպային, դրա բազմաթիվ հատկանիշներ կիրառելի են նաեւ Թուրքիայի համատեքստում։ Այսպես, օրինակ, քաղաքական հալածանքների տարիներին Եվրոպայում եւ մասնավորապես՝ Շվեյցարիայում եւ Ֆրանսիայում հաստատված երիտթուրքական վտարանդիության կենտրոնների ակտիվ անդամները որոշիչ դեր են խաղացել Օսմանյան կայսրության գաղափարախոսական առանցքային տարրերը ձեւակերպելու գործում։ Բացի այդ, Եվրոպայում ծայրահեղ ազգայնականության, ազգակերտման մոդելների ու ռասայական տարաբնույթ տեսությունների ահագնացող հոսանքը մեծ ազդեցություն է թողել երիտթուրք առաջնորդների աշխարհայացքի վրա։ Ժամանակի հանրաճանաչ մտածողների (Ժորժ Սորելի, Էմիլ Բուտմիի, Գյուստավ Լեբոնի, Էռնեստ Ռենանի, Հերբերթ Ուելսի, Ժորժ Մոնտանդոնի, Էժեն Պիտարի եւ այլոց) գրվածքները ներշնչանքի աղբյուր են դարձել ինչպես Փարիզում հաստատված երիտթուրք առաջնորդների եւ մտավորականների, այնպես էլ` քեմալականների համար։ Սոցիալական ու քաղաքական ինժեներիայի, ամբոխի հոգեբանության ու դերի, ռասայական տեսությունների, ամբոխները վերնախավի կողմից առաջնորդելու անհրաժեշտության (քանի որ հակառակ դեպքում վերջիններս կարող են անցնել իռացիոնալ վարքի) մասին մեծ տարածում գտած գրվածքներ ձեւավորեցին երիտթուրք գաղափարախոսների խորը համոզմունքները։ Ավելին՝ երիտթուրքերի մեծամասնությունը նվիրված էր վերեւից հրահանգվող եւ վերահսկվող փոխակերպման/հեղափոխության գաղափարին՝ ի հակադրություն ներքեւից եկող հանրային խռովությունների ու ապստամբությունների մոդելների։

Գալով իշխանության՝ Միության եւ Առաջադիմության Կոմիտեն (CUP) ֆաշիզմի մի շարք հիմնական տարրերը փորձարկելու առիթը բաց չթողեց (բուն եզրը, անշուշտ, ծագել է ավելի ուշ)։ Բալկանյան եւ հատկապես Առաջին համաշխարհային պատերազմների քաղաքական ու սոցիալական հետեւանքները պատմական եզակի առիթ դարձան ժամանակի քաղաքական ու մտավոր շրջանակների կողմից առաջ քաշված  գաղափարաբանական ու քաղաքական որոշ նպատակները կյանքի կոչելու համար։ Իհարկե, չափազանցված կհնչի, եթե  պնդենք, որ Միության եւ Առաջադիմության Կոմիտեի ղեկավարները գործել են իբրեւ կառավարման ֆաշիստական համակարգի ներկայացուցիչներ, սակայն միեւնույն ժամանակ՝ քաղաքական մի շարք նպատակների կենսագործման ուղիները բնավ չէին տարբերվում այն զարգացումներից, որոնք տասնամյակներ անց տեղ գտան Եվրոպայում։

Ավելին, վերոնշյալ տեսությունները կյանքի կոչվեցին այնպիսի արագությամբ, որ նոր քաղաքականության մի շարք դրույթներ գործի դրվեցին տարերայնորեն։ Ուսումնասիրությունները իրավամբ պնդում են, որ ֆաշիստական գաղափարախոսության՝ նախքան 1914-ի օգոստոսը մշակված հիմնական տարրերը հետագայում գրեթե նույնությամբ վերստին ի հայտ եկան Իտալիայում եւ այլուր։ Հիմք կա ենթադրելու, որ «ֆաշիզմ» կոչվող երեւույթի բոլոր երեք մակարդակները (գաղափարախոսություն, քաղաքական հոսանք եւ կառավարման ձեւ) 1910-ականներից մինչեւ 1930-40-ական թվականները պատկերավոր կերպով գործադրված են եղել Թուրքիայում։

Տասնամյակներ անց ֆաշիստական «ծրագրի» մաս կազմած քաղաքական որոշ նպատակների իրականացման գործում երիտթուրքերն ու քեմալականները կարող են համարվել «անվիճելի նախակարապետներ»։ Քաղաքական ծրագրերի նրանց ցանկը, որը շատերի կարծիքով նախնական ֆաշիզմի մի տեսակ է, ներառում էր (սակայն չէր սահմանափակվում) ազգայնամոլությունը, արտաքսումը, տեղահանությունը, զանգվածային բռնությունները, զանգվածային մոբիլիզացիան, համակենտրոնացման ճամբարները, կայսրության պատմական տարածքների վերանվաճումը (irredentism), սոցիալական ինժեներիան, տեռորը, եվգենիկան, էթնիկ զտումները, ուծացումը, ինքնության փոփոխությունը եւ բռնի ամուսնությունը, ունեզրկումը, բռնագրավումը, կողոպուտը եւ, իհարկե, ցեղասպանությունը։

Թուրքական պետության մեջ ծայրահեղ ազգայնականության, ուծացման եւ համահարթեցման (թրքացման) բոլոր բնորոշ կողմերը գործադրվեցին շատ ավելի վաղ, քան Եվրոպայում եւ այլուր իշխանության եկան ֆաշիստական ռեժիմները, եւ գոյատեւեցին անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմում դրանց պարտությունից հետո։ Սկիզբը Հայոց ցեղասպանությունն էր, որին հաջորդեցին քրդերի տեղահանությունն ու հույների, ասորիների եւ քաղդեացիների կոտորածները։ Բնաջնջման այս քաղաքականությանը հետեւեցին՝ 1923-1939 թթ. վերաբնակեցման միջոցով ոչ թրքախոս մուսուլման ներգաղթյալների ուծացումը; 1934 թ. հրեաների ջարդերը Թրակիայում; 1935-1938թթ. ոճրագործությունները Դերսիմում; 1942-44թթ. ընթացքում հարստության հարկի  (Varlik Vergisi) կիրառումը եւ այլն։

Այսպիսով՝ Եվրոպայում ծագած մի շարք շարժումներ, գաղափարախոսություններ ու գաղափարներ տեղական որոշակի առանձնահատկություններով փոխակերպվել ու հարմարեցվել են նաեւ Եվրոպայից դուրս գործող շարժումներին ու ռեժիմներին։ Ֆաշիզմը, ինչպես նաեւ մինչ օրս եղած այլեւայլ գաղափարախոսություններ, անշուշտ, տարբեր երկրներում լիովին միատեսակ դրսեւորում չեն ունեցել։ Թուրքիայում ֆաշիզմի ձեւավորումը, իշխանության գալն  ու գործադրումը սեփական առանձնահատկություններն ունի։ Կարեւորագույնը, սակայն, այն է, թե երիտթուրքերի ու քեմալականների գաղափարական պատկերացումները որքանով են համապատասխանել կամ տարբերվել Իտալիայի ֆաշիստների, Գերմանիայի նացիստների եւ մնացյալ ֆաշիստական վարչակարգերի համոզմունքներից։


Վահրամ Տեր-Մաթեւոսյան

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը պատմաբան է, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս եւ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող: 
Կրթություն է ստացել Շվեդիայի Լունդի համալսարանում (մագիստրատուրա) եւ Նորվեգիայի Բերգենի համալսարանում (գիտությունների թեկնածու, PHD):