Փոլ Ֆարմեր. «Աշխարհը կորոնավիրուսից հետո կլինի շատ ավելի մարդկային»

Փոլ Ֆարմեր. «Աշխարհը կորոնավիրուսից հետո կլինի շատ ավելի մարդկային»

Փոլ Ֆարմերն ամերիկացի բժիշկ-մարդաբան է: Նա «Առողջապահական գործընկերներ» (PIH) միջազգային կազմակերպության համահիմնադիրն է եւ գլխավոր ռազմավարը, որը ժամանակակից բժշկական ծառայություններ է մատուցում նրանց, ովքեր ամենից շատ ունեն դրա կարիքը: Մենք զրուցել ենք նրա հետ իր՝ իբրեւ բժիշկ եւ համաշխարհային առողջապահական ստրատեգ անցած ճանապարհի մասին, որը կիրառում է մարդասիրական աշխատանքը որպես բռնությունը կանխելու գործիք ամբողջ աշխարհում:

Ես մեծացել եմ համեստ կարողություններով մեծ ընտանիքում: Երկար տարիներ մենք ապրել ենք ավտոբուսում կամ նավակի մեջ: Բայց հետո ես հասկացա, որ մեծացել եմ շատ լիարժեք, սիրող ընտանիքում, որտեղ կային մշակութային հստակ ձգտումներ բոլորիս համար: Ես չեմ կարծում, թե մանկությունս անցել է ինչ-որ զրկանքների մեջ, թեեւ դրսից կարող էր այդպես թվալ: Ես գիտեի, որ մեզնից ոչ մեկն իրական տառապանք չի տեսել՝ ոչ մի տեսակ: Մենք Ֆլորիդայում տեսնում էինք անմարդկային  պայմաններում գյուղատնտեսական աշխատանք իրականացնող միգրանտների, ինչն էլ իմ մեջ ինչ-որ բան արթնացրեց, թեկուզ եւ երեխա էի: 

Ես միշտ ուզել եմ բժիշկ դառնալ, բայց չգիտեմ՝ ինչու: Ինձ համար միշտ կապ է եղել բժշկության եւ մարդասիրական աշխատանքի միջեւ: Ինձ դուր է գալիս անմիջական կապը հիվանդների հետ, գաղափարը, որ դու օգնում ես կարիքի մեջ գտնվող ինչ-որ մեկին, որը սովորաբար քեզնից շատ ավելի կարիքավորն է: Այս մտքերով ես մտա այս ոլորտ ու մինչեւ հիմա երջանիկ եմ իմ՝ բժշկի մասնագիտության համար: Տասնամյակների ընթացքում իմ կյանքը շատ է փոխվել, բայց ուրախությունը, որ ապրում եմ մարդկանց մասին հոգալիս, դեռ կա:

«Առողջապահական գործընկերներ»

Ես գնացի Հայիթի 1983 թվականին. Դյուվալյեի բռնապետության վերջին տարիներն էին: Ես գիտեի, որ գնալով Հայիթի՝ նոր բան պետք է սովորեի նոր վայրի մասին: Ես ուզում էի սովորել ու դա իմ ծրագրի մի մասն էր: Ես ուզում էի սովորել Հայիթիի պատմության, մշակույթի, արվեստի եւ մնացած ամեն ինչի մասին: Ես շատ բան տեսա այդ տարիներին, որ կուզեի տեսած չլինել, բայց դա ուսանելի փորձ էր: Եվ Հայիթիում գտնվելու վաղ տարիները պարզապես վերահաստատեցին իմ՝ այնպիսի բժիշկ դառնալու ցանկությունը, որը հիմնականում հոգում է աղքատների կարիքները, այդ պատճառով մենք սկսեցինք «Առողջապահական գործընկերները»: 

 

Մարդիկ, միջոցներ, միջավայր, մեխանիզմներ

Քեզ միշտ պետք են մարդիկ, պետք են միջոցներ. քեզ պետք են նյութեր, գուցե քեզ անհրաժեշտ լինեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր, վիրահատական գործիքներ: Քեզ անհրաժեշտ է միջավայր աշխատելու համար: Եթե դուք հայտնվում եք երկրաշարժի էպիկենտրոնում, եւ հիվանդանոցը փլուզվում է, դուք այլեւս չունեք տարածք՝ միջավայր, եթե էբոլայի համաճարակի էպիկենտրոնում եք եւ չունեք էբոլայի բուժման բաժանմունք՝ մուտքի եւ ելքի անվտանգ հնարավորությամբ, ուրեմն ձեզ անհրաժեշտ է ավելի մեծ տարածք: Բայց ցուցակը միշտ նույնն է՝ մարդիկ, միջոցներ, միջավայր, մեխանիզմներ: Օրինակ՝ ինֆեկցիայի վերահսկողությունը մեխանիզմ է: Բայց բուժքույրերին եւ բուժեղբայրներին ժամանակին վճարելը նույնպես մեխանիզմ է՝ համակարգ: Եվ, ի վերջո, մասնակցություն՝ օժանդակություն: Յուրաքանչյուրն ունի օժանդակության կարիք՝ հիվանդները, հատկապես տառապողները, բայց երբեմն բուժօգնություն տրամադրողներն ու ղեկավարներն են, որ նույնպես ունեն աջակցության կարիք: Այդ փոքր ցուցակն է՝ մարդիկ, միջոցներ, միջավայր, մեխանիզմներ եւ մասնակցություն: 

 

Կորոնավիրուսի մարտահրավերը

Կորոնավիրուսի բռնկումն ամենամեծ շոկն էր մեր՝ «Առողջապահական գործընկերներ» համաշխարհային համակարգի համար: Այն գործում է 11-12 երկրում եւ ունի 15.000-16.000 աշխատող: Պարզապես մեկ օրինակ բերեմ. մենք Հայիթիում ունենք ավելի քան 6.000 աշխատող: Նրանք բոլորը տեղացիներ են: Մենք ունենք հազարավոր աշխատողներ Ռուանդայում՝ ռուանդացիներ: Հենց սկզբից մեզ համար շատ պարզ էր, որ այն կազդի մեր աշխատանքի վրա բոլոր տեղերում, բայց պարզվեց՝ հատկապես Միացյալ Նահանգներում: Մենք հասկացանք, որ շատ բան, որ սովորել էինք Հայիթիում, Ռուանդայում, Սիերա Լիոնեում էբոլայի դեմ պայքարելիս, դասերը, որ քաղել էինք, համապատասխան էին այն ամենին, ինչ կատարվում էր Միացյալ Նահանգներում: Հայիթիում մենք գործարկեցինք կորոնավիրուսի բուժման ազգային կենտրոն՝ միաժամանակ աշխատելով պատվաստանյութերի ռազմավարության վրա եւ այլն: Կորոնավիրուսն իսկապես խաթարեց մեր աշխատանքի զգալի մասը, բայց այն մեզ նաեւ ավելի ուժեղ դարձրեց եւ միավորեց մեզ, ցավոք, ոչ ֆիզիկապես:  

Ամեն դեպքում, ինձ համար կորոնավիրուսի փորձառությունը հաստատումն էր այն բանի, որ մենք ճիշտ էինք՝ մեր էներգիայի եւ ռեսուրսների մեծ մասը կենտրոնացնելով տեղական կարողությունների ստեղծման վրա: Մենք ճիշտ արեցիք՝ ներդրում անելով տեղական ինստիտուտներում՝ լինեն հիվանդանոցներ, թե Առողջապահության նախարարություններ, համալսարաններ, դպրոցներ Ռուանդայում, Հայիթիում, Մալավիում, օգնելով նրանց զարգացնելու տեղի կարողությունները: Այսպիսով, ես կարծում եմ, որ մենք մեր էներգիայի մեծ մասը կծախսենք՝ ներդրումներ անելով այդ ուղղությամբ, որն, իհարկե, պահանջում է վերապատրաստման ծրագրեր, համալսարաններ, ինչն ամերիկացիներն անվանում են կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագիր բժիշկների, բուժքույրերի եւ բուժեղբայրների համար, որպեսզի դառնան մասնագետ: 

Մենք դա արդեն արել ենք Ռուանդայում վերջին տասը տարում եւ դա անելով եւս՝ մենք շատ բան սովորեցինք: Իսկ հիմա մենք պատրաստվում ենք ուժեղացնել մեր աշխատանքի այդ ուղղությունն ամենուրեք: Մեզ մեծապես հետաքրքրող բաներից մեկն Աֆրիկա մայրցամաքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տեղական արտադրությունն է: Այդպիսին է լինում տեղական կարողությունների զարգացումն այդ ասպարեզում: Դա պարզապես դրանք ներկրելը կամ որպես նվեր ստանալը չէ, դա սովորելն է, թե ինչպես ստեղծել պատվաստանյութի արտադրության կարողություն: Աֆրիկայում օգտագործվող պատվաստանյութերի 99%-ը՝ գրեթե ամբողջը, ներմուծվում է այլ տեղից, ու մենք կորոնավիրուսի օրինակով տեսանք , թե դա ինչպես կարող է դանդաղեցնել պատվաստման ծրագրի ներդրումը: Մենք չենք կարծում, որ այդպես պետք է լինի: Թող ռուանդացիներն իրենք լինեն իրենց եւ Աֆրիկայի մյուս հատվածների համար մարդասիրական աշխատանք իրականացնողներն աշխարհում: Թող Հայիթիի ժողովուրդն ինքն իր ներդրումն ունենա համաշխարհային առողջապահության ոլորտում, թող Նավահո բնիկներն իրենք նպաստեն առողջապահական արդարությանը Միացյալ Նահանգներում եւ այլուր: Եվ ես հավատում եմ, որ դա նաեւ «Ավրորա» մրցանակի նպատակն է՝ ստեղծել մարդկանց համայնք, որոնք ներգրավված են կենսապահպան աշխատանքում, ու դա հնարավոր է, դա կարող է աշխատել եւ արագ աշխատել:

 

«Ավրորա». Մտածողության այլ կերպ 

«Ավրորա» մրցանակն այլ դիտանկյունից է կարեւորում մարդասիրական աշխատանքն ու դրա ճանաչումը։ Այն ընդգծում է կարողությունների զարգացումը, այլոց սատարելը: Անգամ գաղափարը, որ դու պետք է, մենք բոլորս պետք է փաստագրենք նրանց ջանքերը, ովքեր ձգտում են փրկելու անծանոթների, դա ոսկե կանոն է, բայց այն նաեւ բարի սամարացու մասին առակ է, որը հենց այդ պատճառով էլ ակտուալ է մինչ օրս: Ի վերջո, խոսքը լրիվ անծանոթ մեկին օգնելու մասին է: Ահա թե ինչի մասին է այն: 

Եվ ես կարծում եմ, որ այդ աշխատանքը նկատելի դարձնելուց բացի, կարեւոր է այն, թե ինչպես ենք զարգացնում մարդկանց համայնքներ եւ համախմբում մարդկանց, որոնք ունեն այս նույն մտահոգությունները: Եկեք երես չթեքենք մարդկային տառապանքից, հատկապես մարդկային այն տառապանքից, որը հետեւանք է այնպիսի երեւույթների, որոնցից կարելի էր խուսափել: Այսինքն՝ մարդկային տառապանքի մեծ մասից: Կարծում եմ, որ այդ տեսանկյունից «Ավրորա» մրցանակը եզակի է: Ես նաեւ պետք է նշեմ, որ մրցանակն ուղիղ կապ ունի հայերի դեմ իրագործված ցեղասպանության հետ: Դա ամենադժվար ճանապարհն է՝ սկսել մտածել կյանքեր փրկելու մասին այն պահին, երբ իրենցից շատ քչերն են փրկվել: Բայց ես նույնը տեսել եմ նաեւ Ռուանդայում: Ես տեսել եմ, թե ճանաչումը, ըմբռնումը եւ, այո, իրական խոստումը՝ վստահեցնել, որ դա այլեւ չի կրկնվի, ինչպես կարող է միավորել մարդկանց: Ես տեսել եմ, որ մարդիկ իրական առաջընթաց կարող են արձանագրել: Դա մեկընդմիշտ փոխեց իմ մոտեցումը հակամարտությանը: 

Կարծում եմ՝ «Ավրորա» մրցանակն էլ  է արտացոլում այն, թե ինչպես կարող է մարդկային, հետեւաբար նաեւ մարդասիրական աշխատանքը կանխել բռնության բռնկումը: Ես հավատում եմ դրան: Եթե նայեք, թե աշխարհում ինչն է առաջացնում ամենաշատ դժգոհությունը, դա սովորաբար անհավասարությունն է: Բայց այն հաճախ կապված է այնպիսի հարցերի հետ, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, ապահով ու խաղաղ կյանքի անհրաժեշտությունը: Այսպիսով, եթե մենք կարողանանք հաղթահարել այս խնդիրները, որոնց վրա կենտրոնացած է «Առողջապահական գործընկերներ» կազմակերպությունը, վստահ եմ՝ կունենանք ավելի ապահով աշխարհ, եւ ես կարծում եմ, որ «Ավրորա» մրցանակը եւ այս համայնքը եւս գիտակցում են դա: 

Փոլ Ֆարմերն օգնել է միլիոնավոր մարդկանց՝ զարգացնելով 11 երկրի առողջապահական համակարգերը: Մերօրյա խիզախ հերոսներին օգնելու համար  նվիրաբերեք «Ավրորային», օգնեք նրանց շարունակելու իրենց կենսական գործունեությունը: