logo
ՓԱԿԵԼMenu
Հայտնի է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի կազմը

Հայտնի է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի կազմը

100 LIVES նախաձեռնությունը պատիվ ունի ներկայացնելու 2016թ. «Ավրորա» մրցանակի (The Aurora Prize for Awakening Humanity) Ընտրող հանձնաժողովի կազմը։

Մրցանակի Ընտրող հանձնաժողովն ամբողջ աշխարհից ընդգրկել է մարդասիրության ասպարեզի ինը երեւելի անդամների, որոնց բացառիկ նվաճումները մարդու իրավունքների ասպարեզում թույլ են տալիս ավելի լրջորեն քննարկել, թե մարդասիրական որ ձեռնարկումներն են հատկապես արժանի համաշխարհային ճանաչման։

«Ավրորա մրցանակի համար պատիվ է աշխատել նման արժանիքների տեր անհատների հետ, քանի որ նրանց բոլորին միավորում է նվիրումը մարդասիրության ու սոցիալական արդարության սկզբունքներին,- ասաց 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը,- ըստ էության, նրանցից յուրաքանչյուրն իր կարիերայի ընթացքում պայքարել է հանուն այն արժեքների, որոնք այս մրցանակը կոչված է խրախուսել եւ ճանաչման արժանացնել։ Մեզ համար մեծ կարեւորություն ունի այն փորձառությունն ու մոտեցումը, որով նրանք կկատարեն ընտրությունը»:

Ընտրող հանձնաժողովը բաղկացած է ինն անդամներից՝

Ջորջ Քլունի՝  Not On Our Watch մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, դերասան եւ կինոարտադրող,

Էլի Վիզել՝ «Էլի Վիզել մարդասիրության հիմնադրամի» նախագահ, Նոբելյան դափնեկիր,

Հինա Ջիլանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ,

Վարդան Գրեգորյան՝ համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ,

Գարեթ Էվանս՝ Միջազգային ճգնաժամային խմբի նախկին նախագահ, Ավստրալիայի նախկին արտգործնախարար,

Մերի Ռոբինսոն՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ,

Օսկար Արյաս՝ Կոստա-Ռիկայի կրկնակի նախագահ, Նոբելյան դափնեկիր,

Շիրին Էբադի՝ Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր, Նոբելյան դափնեկիր,

Լեյմա Գբովե՝ Կանանց խաղաղության եւ անվտանգության ընկերակցության գործադիր տնօրեն (WIPSEN-Africa), Նոբելյան դափնեկիր:

Ընտրող հանձնաժողովն ուսումնասիրում է առաջադրված թեկնածությունները եւ կատարում ընտրություն: Եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները հրավիրվելու են 2016թ. ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք «Ավրորա» մրցանակաբաշխությանը։